ֆոտոբիո

լուսանկարչության պատմության դրվագներ

Լճացումը

Լուսավոր խցիկ. մաս 37

Բոլոր հեղինակներն, ասում է Սարտրը, միաձայն նշում են պատկերների աղքատության մասին՝ ուղեկցող վեպի ընթերցմանը. եթե ես խիստ տարված եմ այդ վեպով՝ մտային պատկեր չկա: Ընթերցման Սակավապատկերությանը հակադարձում է Լուսանկարի Ամենապատկերը. ոչ միայն քանի որ այն արդեն ինքնին պատկեր է, այլ որովհետեւ այդ խիստ հատուկ պատկերն իրեն տալիս է ամբողջությամբ, բառախաղի դեպքում կասեինք՝ ինտեգրալ: Լուսանկարային պատկերը լի է, լեփ-լեցուն. տեղ չկա, ոչինչ հնարավոր չէ հավելել:

Կինոյում, որի նյութը լուսանկարային է, լուսանկարը, սակայն, չունի այդ ամբողջականությունը (ի ուրախություն նրա): Ի՞նչու: Որովհետեւ լուսանկարը՝ բռնված շարժման մեջ, մղված է, անվերջ ձգված է դեպի այլ տեսարաններ. կինոյում, անկասկած, միշտ կա լուսանկարային վերաբերյալ, բայց այդ վերաբերյալը փախչում է, չի պահանջում հօգուտ իր իրողության, չի բողոքարկում իր անցած գոյությունը, այն չի հպվում ինձ, ոգի չէ: Իրական աշխարհի պես՝ ֆիլմային աշխարհը պահվում է այն ենթադրության վրա, որ. «Փորձառությունը կշարունակի անդադար հոսել նույն կազմիչ ոճով» (Հուսերլ), բայց Լուսանկարը կոտրում է «կազմիչ ոճը» (դա նրա զարմանքն է), այն չունի ապագա (դա նրա պաթոսն է, մելամաղձությունը), նրանում ոչինչ չի շարունակվում ժամանակի մեջ, մինչդեռ կինոն շարունակելի է ժամանակի մեջ եւ այդ ժամանակից ի վեր բնավ մելամաղձոտ չէ (ուրեմն ի՞նչպիսին է: Դե լավ, ընդամենը «սովորական» է, ինչպես կյանքը): Լուսանկարն, անշարժ, ետ է հոսում վերապատկերումից դեպի պահպանում:

Կարող եմ այլ կերպ ասել: Ահա կրկին Ձմեռային այգու լուսանկարը: Մենակ եմ նրա առջեւ, նրա հետ: Շրջանը փակ է, այստեղ փախուստ չկա: Ես տառապում եմ անշարժ: Դաժան, անպտուղ անբավարարություն, ես չեմ կարող փոխակերպել իմ վիշտը, չեմ կարող թույլ տալ իմ հայացքին շեղվել. ոչ մի մշակույթ ինձ չի կարող օգնել խոսել այս տառապանքից, որը, ես զգում եմ, անմիջականորեն գալիս է պատկերի սահմանափակությունից (ահա թե ինչու, չնայած իր կոդերին, ես չեմ կարող ընթերցել լուսանկար). Լուսանկարը` իմ Լուսանկարը, անմշակույթ է. երբ այն ցավեցնող է, ոչինչ նրանում չի կարող վիշտը փոխակերպել սգի: Եւ եթե դիալեկտիկական է այն մտածողությունը, որն իրեն է ենթարկում քայքայվողը եւ վերածում է մահվան հերքումը աշխատանքի ուժի (Ֆիլիպ Լակու-Լաբարտ, 187), ուրեմն լուսանկարն անդիալեկտիկական է, դա անբնական թատրոն է, որտեղ մահը չի կարող «իրենով հիանալ», արտացոլվել եւ ցուցադրվել. եւ նորից. Մահվան մեռյալ թատրոնը, Ողբերգականի կանխորոշումը բացառում է ամեն մաքրագործում, ամեն կատարսիս: Ես կպաշտեմ Պատկեր, Գեղանկար, Քանդակ, իսկ լուսանկա՞ր: Ես չեմ կարող դնել ծեսում (իմ սեղանին, ալբոմում), քանի դեռ, ինչ-որ կերպ, խուսափում եմ նայելուց (կամ խուսափում եմ, որ այն նայի ինձ)՝ միտումնավոր չարդարացնելով նրա անտանելի լիությունը, եւ, իմ խիստ անտարբերությամբ՝ միացնելով նրան ֆետիշների բոլորովին այլ՝ սրբապատկերների կարգին, որոնք հունական եկեղեցիներում համբուրում են առանց նայելու, սառցե ապակու վրայից:

Լուսանկարում Ժամանակի անշարժացումն ընդունում է միայն ծայրահեղ, հրեշային ձեւ. Ժամանակը խցանված է (այստեղից էլ ընդհանրությունը Tableau Vivant-ի հետ, որի առասպելական նախատիպը Քնած գեղեցկուհու քուն մտնելն է): Այն, որ Լուսանկարը «մոդեռն» է՝ միացած մեր ամենակիզիչ առօրեականությանը, չի խանգարում, որպեսզի նրանում լինի գրեթե անայժմեական էնիգմատիկական կետ, տարօրինակ լճացում, կանգի բուն էությունը (ես կարդացել եմ, որ Մոնտիել գյուղի բնակիչները, Ալբասետե գավառում, ապրել են այդպես՝ սեւեռված անցյալում կանգ առած ժամանակի վրա, երբ թերթ էին կարդում եւ լսում ռադիո) (Gayral, 217):

Ոչ միայն Լուսանկարը երբեք, ըստ էության, հիշողություն չէ (որի քերականական դրսեւորումը կլիներ կատարյալը, մինչդեռ Լուսանկարի ժամանակը ավելի ճիշտ անցյալ կատարյալն է), եւ հետո ինչ, այն արգելափակում է հիշողությունը, շատ արագ դառնալով հակա-հիշողություն: Մի օր ընկերներս խոսում էին իրենց մանկական հիշողություններից.  նրանք ունեին, բայց ես՝ հենց նոր նայող իմ հին լուսանկարներին, այլեւս չունեի ոչ մեկը: Շրջապատված այս լուսանկարներով՝ ես այլեւս չէի կարող ինձ մխիթարել Ռիլկեի բանաստեղծությամբ. «Այնպես քաղցր, ինչպես հիշողությունն է, միմոզաները լցրել են սենյակը»: Լուսանկարը չի «լցնում»  սենյակը, չկա բույր, չկա երաժշտություն, ոչինչ՝ բացի դուրս պրծած բանը: Լուսանկարը բռնի է, ոչ թե որովհետեւ բռնություններ է ցույց տալիս, այլ որովհետեւ ամեն անգամ այն ուժով լցնում է տեսողությունը, եւ նրանում ոչինչ չի կարող մերժվել, չի կարող կերպարանափոխվել (այն, որ երբեմն կարող ենք քաղցր խոսել` չի հակասում նրա բռնությանը. շատերն ասում են, որ շաքարը քաղցր է, բայց ես շաքարը համարում եմ բռնական):

La chambre claire : Note sur la photographie

Barthes, Roland. La chambre claire : Note sur la photographie. Paris: “Cahiers du cinéma” Gallimard Seuil, 1980.

Leave a comment