ֆոտոբիո

լուսանկարչության պատմության դրվագներ

Ձմեռային այգու լուսանկարը

Լուսավոր խցիկ. մաս 28

Այսպես, ես մենակ էի բնակարանում, որտեղ նա մահացել էր, լամպի տակ մեկ-մեկ նայելով մորս այդ լուսանկարներին, քիչ-քիչ ելնելով նրա հետ ժամանակն ի վեր, փնտրելով ճշմարտությունը դեմքի, որը սիրում էի: Եւ ես գտա:

Լուսանկարը շատ հին էր: Ստվարաթղթե, անկյունները մաշած, խամրած կարմրաշագանակագույն, այն հազիվ ցույց էր տալիս երկու պստիկ երեխա՝ կանգնած, խումբ կազմած փայտե փոքրիկ կամրջի ծայրին, Ձմեռային այգում, որն ուներ ապակե առաստաղ: Մայրս հինգ տարեկան էր այդ ժամանակ (1898), նրա եղբայրը` յոթ: Նա մեջքով հենվել էր կամրջի ճաղաշարին, որի երկայնքով տարածել էր թեւը. մայրս՝ ավելի հեռու, ավելի կարճահասակ, կանգնած էր դեմքով. զգացվում էր, որ լուսանկարիչն ասել էր. «Մի քիչ առաջ արի, որ քեզ տեսնենք». նա միացրել էր իր ձեռքերը՝ մատը մյուս ձեռքի ափում, ինչպես հաճախ են անում երեխաներն անճարակ ժեստով: Եղբայրն ու քույրը` միավորված, ես գիտեի, ծնողների անհամերաշխության պատճառով, ովքեր պետք է բաժանվեին շուտով, կեցվածք էին ընդունել կողք-կողքի, մենակ, ջերմանոցի սաղարթների եւ արմավենիների կածանի վրա (դա այն տունն էր, ուր ծնվել էր մայրս, Շենըվիեղ Մաղնի վրա):

Զննեցի փոքրիկ աղջկան եւ վերագտա վերջապես իմ մորը: Նրա դեմքի պայծառությունը, նրա ձեռքերի միամիտ կեցվածքը, դիրքը, որը նա հնազանդորեն բռնել էր առանց իրեն ցույց տալու կամ պահելու, նրա արտահայտությունը վերջապես, որն առանձնացնում էր նրան, ինչպես Բարին Չարից, փոքրիկ հիստերիկ աղջկանից, սեթեւեթող տիկնիկից, ով իրեն պահում է մեծերի պես. այս ամենը ձեւավորել էր մեծագույն անմեղության կերպարը (եթե ցանկանանք վերցնել այս բառն ըստ իր ստուգաբանության, այն է՝ «Ես վնասել չգիտեմ»), այս ամենը փոխակերպել էր լուսանկարային դիրքն անտանելի պարադոքսի եւ որը նա տանելու էր իր կյանքով մեկ՝ քաղցրության հաստատումը: Փոքրիկ աղջկա այս պատկերում ես տեսա բարությունը, որը ձեւավորել էր նրա էությունը մեկընդմիշտ, առանց նմանեցնելու նրան ինչ-որ մեկին. ինչպե՞ս կարող էր նրա այս բարությունը ստացվել անկատար ծնողներից, ովքեր սիրում էին վատ, կարճ ասած՝ ընտանիքից: Նրա բարությունը ճիշտ խաղից դուրս էր, այն չէր պատկանում որեւէ համակարգի, կամ, ամենաքիչը, գտնվում էր բարոյականության եզրին (ասենք` ավետարանչական). ես նրան չէի կարող բնորոշել ավելի լավ, քան այս հատկությամբ (մյուսների միջից). մեր համատեղ կյանքի ողջ ընթացքում, նա ինձ երբեք ոչ մի «դիտողություն» չարեց: Ծայրահեղ ու հատուկ այս հանգամանքը, պատկերի համեմատ որքան էլ վերացական, այնուամենայնիվ ներկա էր այն դեմքին, որն ուներ նա իմ վերագտած լուսանկարում: «Ոչ թե ճշմարիտ, այլ պարզապես պատկեր»,- ասում է Գոդարը: Բայց իմ վիշտը ցանկանում էր ճշմարիտ պատկեր, որը կարող էր լինել միանգամից արդարություն եւ ճշգրտություն. պարզապես պատկեր, բայց ճշմարիտ պատկեր: Այդպիսին էր ինձ համար Ձմեռային այգու Լուսանկարը:

Մի անգամ լուսանկարչությունն ինձ տվել էր զգացողություն, նույնքան անկասկած, որքան հիշողությունը, ինչպիսին փորձառել էր Պրուստը, երբ մի օր, կոշիկները հանելիս, հիշողության մեջ անսպասելի տեսել էր իր տատիկի իսկական դեմքը. «ում կենդանի իրականությունը ես առաջին անգամ վերագտա ակամա եւ ամբողջական հիշողության մեջ» (Պրուստ, 11, 756): Շենըվիեղ Մաղնի անհայտ լուսանկարիչը եղել էր ճշմարտության միջնորդը, հավասար նրան, ինչ Նադարը տվել էր իր մորը (կամ իր կնոջը, հայտնի չէ) աշխարհի ամենագեղեցիկ լուսանկարներից մեկում. նա արտադրել էր անհրաժեշտից ավելի լուսանկար, որը կրում էր ավելին, քան լուսանկարչության տեխնիկական էությունը կարող է ողջամտորեն խոստանալ: Եւ սակայն, (քանզի ես փորձում եմ ասել այս ճշմարտությունը) Ձմեռային այգու այս լուսանկարն իմ համար կարծես այն վերջին երաժշտությունն էր, որը գրել էր Շումանն անկումից առաջ, այն առաջին Լուսաբացի երգը, որը ներդաշնակ է միաժամանակ մորս էությանը եւ վշտին՝ առ նրա մահը, ես կարող էի խոսել այդ ներդաշնակությունից միայն անվերջանալի ածականների շարքով. ես խնայում եմ, համոզված, այնուամենայնիվ, որ այս լուսանկարն ի մի է բերում բոլոր հնարավոր ստորոգյալները, որոնք կազմում են իմ մոր էությունը, եւ որոնց ճնշումը կամ մասնակի փոփոխությունը, հակառակը, ինձ վերադարձել էին դեպի նրա՝ ինձ չբավարարող լուսանկարները: Հենց այս լուսանկարները, որոնք ֆենոմենոլոգիան կանվաներ «որեւէ» առարկաներ, մնալով նմանօրինակներ, երեւան էին բերում զուտ նրա ինքնությունը, ոչ նրա ճշմարտությունը. բայց Ձմեռային այգու լուսանկարը, այն իսկապես էական էր, այն, ուտոպիականորեն, ինձ համար իրագործում էր եզակի էության անհնարին գիտությունը:

La chambre claire : Note sur la photographie

Barthes, Roland. La chambre claire : Note sur la photographie. Paris: “Cahiers du cinéma” Gallimard Seuil, 1980.

Leave a comment